Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Արցախ այցելած 4 թուրք մտավորականների դեմ Ադրբեջանի պետական սահմանը անօրինական հատելու մեղադրանքով հետաքննություն է սկսվել նաեւ Թուրքիայում։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարը պնդել է, թե Ադրբեջանը այդ ամնձանց դեմ հետաքննություն է սկսել, որից հետո Թուրքիայում եւս նման գործընթաց է սկսվել։ «Այդ անձիք զանգել են ինձ եւ տեղեկացրել, որ չեն հասկացել, որ իրենց այցելությունը հանցանք է եւ պնդել են, թե այնտեղ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին են պաշտպանել։ Արդյունքում նրանք Ադրբեջանին մի նամակ են գրել՝ հայտնելով, որ իրենք սխալ են եւ չեն իմացել, որ հանցանք են գործում։ Բայց արդեն հետաքննությունը սկսվել է։ Թող սա դաս լինի, որ Թուրքիայի մյուս քաղաքացիները չայցելեն»,-ասել է Մեւլութ Չավուշղօլուն։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին թուրք հայտնի մտավորականներ Ուֆուք Ուրասը, Սաիթ Չեթինօղլուն, Ալի Բայրամօղլուն եւ Էրոլ Քաթրջըօղլուն նախկին պատգամավոր Արագած Ախոյանի ուղեկցությամբ Արցախ էին այցելել։ Այս փաստը չէր վրիպել Ադրբեջանի աչքից։

Ադրբեջանը հիշյալ անձանց նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել եւ պահանջել Թուրքիայից նրանց ձերբակալությունն ու արտահանձնումը։