Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը կարեւորագույն նշանակություն ունի երկրի համար: Այդ մասին ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ եւ «Կոնրադ Ադենաուերի» անվան հիմնադրամի հայկական բաժանմունքի աջակցությամբ անցկացվող  խորհրդարանական լսումների ժամանակ՝ դեկտեմբերի 1-ին, հայտարարել է   «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Շաքե Իսայանը:

Ըստ նրա՝ այդ համաձայնագիրը հստակ ֆիքսում է համագործակցության ոլորտները եւ դրանց ծավալն ու սահմանները:

«Հայաստանը լուրջ պարտավորություններ է ստանձնում մարդու իրավունքների ապահովման, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրացման, կոռուպցիայի դեմ պայքարի, արդար դատական համակարգի, էներգետիկ եւ էկոլոգիական ոլորտներում խնդիրների լուծման գործում», - նշել է Իսայանը՝ հավելելով, որ այն նաեւ հնարավորություն է տալիս շարունակել այն բարեփոխումները, որոնց իրականացման շուրջ Հայաստանը որոշ խնդիրներ է ունեցել: