Արցախի զորամասերից մեկում նոյեմբերի 21-ին ականի պայթյունից  վիրավորված Նարեկ Հովեյանն դեպքից հետո այսօր առաջին անգամ խոսել է: Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը հուզմունքը հազիվ զսպելով NEWS.am-ի թղթակցին պատմեց, որ առավոտյան է ուրախալի լուրը ստացել ու շտապել որդու մոտ:

«Բուժքույրն առավոտյան զանգեց, ասեց, որ այսօր արդեն շնչառական ապարատը անջատել են, եւ Նարեկը այս 10 օրվա մեջ առաջին անգամ խոսել է, յոգուրտ է ուզել: Չգիտեմ, ոնց եմ վազել, հասել հիվանդանոց: Նարեկը բոլորից էր հարցնում, նույնիսկ նրանցից ում շատ քիչ էր ճանաչում, էն բակի երեխաներից բռնած, մինչեւ տարիքով ծանոթներ ու բարեկամներ»,-պատմեց տիկին Սեդան:

Նրա խոսքով` Նարեկը դեռ չգիտի, որ իր ծառայակից ընկերները զոհվել են, ինքն էլ շրջանցել է թեման` չցանկանալով վշտացնել որդուն. «Ինքը հասկանում է` ինչ է եղել, բայց դեռ չգիտի, որ զոհեր կան, ասեց` մենք զոհեր չունենք, մենք բոլորս վիրավոր ենք»:

Տիկին Սեդան պատմեց, որ մինչ Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելը Նարեկի մեկ աչքը Ստեփանակերտի հոսպիտալում հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի:

«Աղոթենք, հոսանք, որ Նարեկիս աչքի լույսը կվերականգնվի, ես մեծ հույսեր ունեմ ու աղոթում եմ Աստծուն ամեն օր: Ամբողջ մի ազգ աղոթում է տղայիս համար, որ ինքը ոտքի կանգնի, ու բոլորի աղոթքները տեղ հասան, որ որդիս այսօր խոսեց»,-ասաց նա:

Տիկին Սեդան պատմեց, որ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, միայն գիտի, որ ականի պայթյունից է որդին վիրավորվել:

«Նարեկին մինչեւ հիվանդանոց հասցնելը անուն ազգանունն են հարցրել, ասել է` Նարեկ Հայկի Հովեյան ու ավելացրել` մամայիս չասեք»,-հուզված պատմեց Նարեկի մայրը` նշելով, որ դեպքի մասին առաջինը իմացել են Արցախի իրենց բարեկամներից:

Նարեկը 1 տարի 4 ամիս էր, ինչ ծառայում էր, մինչեւ բանակ գնալն էլ բռնցքամարտով է զբաղվել եւ ժողովրդական երգարվեստով. «Նարեկը շատ նպատակասլաց էր, ու միշտ ասոմ էր` մամ ջան, մի քանի ամիս մնաց, գալու եմ ու երգս շարունակեմ: Մեր գերդաստանի ուրախությունն է Նարեկը, բոլոր միջոցառումները ինքն էր կառավարում` երգում էր, հումորներ անում»:

Նշենք, որ ականի պայթյունից Նարեկը հարված է ստացել ճակատային մասում, գլխին հեմատոմաներ են եղել, որոնք մաքրվել են։ Նաեւ շնչուղիների այրվածք է ունեցել, թոքերի սալջարդ, հիմա նաեւ Նարեկի մոտ թոքաբորբ է զարգացել ստացած վնասվածքներից:

Ավելի վաղ գրել էինք, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում էր ծանր:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնել են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: