Բազմաբնակարան շուրջ 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արեւային վահանակներ: Այս մասին նշվել է այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շարունակվում է շահագրգիռ կառույցներին եւ պոտենցիալ ներդրողներին քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթների ներկայացումը:

Զեկուցվել է նաեւ, որ արդեն իսկ հստակեցված է ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երեւան՝ արեւային համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արեւային վահանակներ տեղադրելու, ինչպես նաեւ տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը:

Մեծապես կարեւորելով այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա արդյունավետությունով պայմանավորված՝ այն կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային  բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ: