Դեկտեմբերի 3-ին պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) ստորագրել են համագործակցության հռչակագիր՝ այդպիսով հիմնադրելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով ՔՀԿ-ների ներուժը:

 «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության եւ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում:

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին արդեն իսկ միացել է պրոբացիայի ինստիտուտի զարգացմանն ուղղված գործունեություն ծավալող  11 հասարակական կազմակերպություն։

Նշենք, որ ցանցի ստեղծման նպատակով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի եւ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «Պրոբացիայի պետական ծառայության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա աշխատաժողով։

Աշխատաժողովին ներկա Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունների դերը պրոբացիայի ինստիտուտի կայացման հարցում մեծ է: «Չպետք է միայն պատժող կառույց լինել, պետք է անձին ինտեգրենք հասարակությունում»,- հավելեց Արսեն Նավասարդյանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը կարեւորեց պրոբացիայի շահառուերի համար վերականգնողական ծրագրերում ՔՀԿ-ների ներգրավումը:

«Պրոբացիայի շահառուների համար մեր կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացները ցույց տվեցին, որ պրոբացիայի շահառուներին օգնում է ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելը, այլեւ այն միջավայրը, որում նրանք հայտնվում են, շփվում այլ անձանց հետ»,- նշեց Արտակ Կիրակոսյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման համար ցանցի հիմնադիրներին տրամադրվել է անվճար փորձագիտական, այդ թվում նաեւ իրավաբանական խորհրդատվություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսոթյան հաձնառություն» ծրագրի շրջանակում:

Կարեն Զադոյանը, կարեւորելով ՔՀԿ-ների ցանցերի ստեղծումն ու դրանց գործունեությունը, օրինակ բերեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որի գործունեության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, ներդնել ազդարարների պաշտպանության համակարգը, ունենալ անկախ հակակոռուպցիոն մարմին եւ այլն:

«Մենք աշխատում էինք այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ 6-7 տարի է, բայց առարկայական արդյունքի չէինք հասնում: Հասկացանք, որ այդ խնդիրները պետք է միասնական ձեւով բարձրաձայնենք: Եվ միայն այդ դեպքում շոշափելի արդյունքներ ունեցանք»,-ասաց Կարեն Զադոյանը:

Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման հռչակագրին կարող են միանալ այն բոլոր ՔՀԿ-ները, որոնք շահագրգռված են պրոբացիայի ինստիտուտի զարգացմամբ: