Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այս մասին նշել է այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուի հանդիպման ժամանակ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում 2019թ. անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies - WCIT) նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Վահան Մարտիրոսյանը նշեց, որ համաժողովի անցկացումը Հայաստանում պարտավորեցնող է, եւ կգործադրվեն բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Իվոն Չուն ընդգծեց, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային ալյանսի կողմից եւս քայլեր կարվեն համաժողովի նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար:

Նա հավելեց նաեւ, որ համաժողովին նախատեսվում է մոտ 80 երկրների 4500-ից ավելի պատվիրակների մասնակցություն։

WCIT 2019թ-ը Հայաստանում կանցկացվի ՀՀ կառավարության եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) աջակցությամբ: