Հայաստանի կարագի շուկայում սեպտեմբերից սկսած պարբերաբար գինը բարձրացել է, շուրջ 80 տոկոսով կարագը թանկացել է, ինչն ամբողջությամբ պայմանավորված է միջազգային շուկայի միտումներով: Այս մասին այսօր՝ Մրցակցության միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, շեշտեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Ինչ վերաբերում է ձվի թանկացմանը, Շաբոյանն ասաց, որ ձուն թանկացել է, որովհետեւ սեզոնային պահանջարկի ավելացման հետ մեկտեղ ներկրում չի իրականացվել։ «Այսօր շուկայում ձուն թանկացել է 5-6 դրամով, սակայն այժմ իրականացվում է ներկրում՝ ձվի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու համար»։

Բենզինի գները, նրա փոխանցմամբ,  կապված են ձեռքբերման գների ավելացմամբ, «ընդ որում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բենզինը թանկացավ 20 դրամով, վերջերս նաեւ 10 դրամով»։

Շաբոյանի խոսքով՝ երբ համեմատում ենք մեր շուկայում առկա գները Վրաստանի շուկայում բենզինի գների հետ, պարզ է դառնում, որ Վրաստանի բենզինի վաճառքի գները գրեթե հավասար են Հայաստանում բենզինի վաճառքի գներին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ը շատ երկրներում նշվում է որպես Մրցակցության միջազգային օր, իսկ Հայաստանում այն նշվում է առաջին անգամ։