Հայաստանը հետեւողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ տարածքում անբաժանելի անվտնագության ամրապնդման օգտին եւ շարունակաբար իր ներդրումն է բերել սպառազինությունների վերահսկման եւ վստահության ու անվտանգության մեխանիզմների վերակտիվացման շուրջ ծավալվող քննարկումներին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Վստահության կառուցման ուղղությամբ իրականացվող քայլերը չեն սահմանափակվում միայն առաջին հարթությունով: Խորապես համոզված ենք, որ մեր կազմակերպության տնտեսական եւ բնապահպանական ուղղությունն ունի չօգտագործված ներուժ: Այս համատեքստում ԵԱՀԿ-ն կարող է բնական հարթակ հանդիսանալ մասնակից երկրների միջեւ համընդգրկուն երկխոսության խթանման համար, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգարցիոն գործընթացների շուրջ:

Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրեց Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Դա ակնհայտորեն ցույց տվեց, որ անդամակցությունը մի ինտեգրացիոն ձեւաչափին, իսկ Հայաստանի դեպքում դա Եվրասիական տնտեսական միությունն է, չի բացառում այլ կառույցների հետ համագործակցությունը: Այս համատեքստռում հուսով ենք, որ նպատակասլաց իրատեսական երկխոսությունը կդառնա ԵԱՀԿ ողջ տարածաշրջանում տնտեսական համագործակցության շարժիչ ուժը:

Ցանկանում եմ նաեւ ընդգծել Հայաստանի ներդրումը կազմակերպության մարդու իրավունքների հարթությունում իրականացվող գործընթացներում եւ ընդգծել այս ուղղությամբ մեր արդյունավետ համագործակցությունը ԵԱՀԿ կառույցների հետ: Ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում արձանագրված առաջընթացն կայուն եւ անդառնալի է։ Բարձր ենք գնահատում այս հարցում ԵԱՀԿ կառույցների ներդրումը:

Ուրախ ենք, որ ԵԱՀԿ շրջանակներում հետզհետե ավելի մեծ ուշադրության է արժանանում ինքնության հողի վրա իրականացվող բռնությունից ազգային եւ կրոնական խմբերի պաշտպանության թեման, հատկապես ԵԱՀԿ հարեւանությամբ՝ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: Հայաստանը առաջիններից էր, ով բարձրաձայնեց այս խնդիրը եւ աջակցեց այս ուղղությամբ ԵԱՀԿ հանձնառությունների ամրապնդմանը:

Քրիստոնյաների եւ կրոնական այլ խմբերի դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործություններին եւ խտրականությանը հակազդելու արդյունվետ միջոցների հետագա զարգացումը եղել է վերջերս ԵԱՀԿ նախագահության ու ԺՀՄԻԳ կազմակերպմամբ եւ Հայաստանի արտգործնախարարության աջակցությամբ Երեւանում կայացած բարձրաստիճան համաժողովի ուշադրության կենտրոնում:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախարարական խորհուրդները հնարավորություն են ընձեռում խոսել ձեռքբերումների եւ ապագայի տեսլականի մասին: Այնուամենայնիվ, հավասարապես կարեւոր է բաց չթողնել այս հնարավորությունը` անկեղծ կերպով քննարկման առարկա դարձնելու համար Կազմակերպության բացթողումները:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման հետեւանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսներին եւ ողջ կազմակերպության: Դա շատ բացասական նախադեպ ստեղծեց:

Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլեւ Կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը: ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց եւ Կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց եւ փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում:

Առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվեց` ի հեճուկս դրա պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ինչպես ընդունող երկրի, այնպես էլ ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի:

Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ եւ՛ գերմանական, եւ՛ ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երեւանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ:

Մենք վճռական ենք շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, եւ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այս առումով:

Պարո՛ն նախագահ,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ վստահեցնել Իտալիային՝ ապագա նախագահողին, որ կարող է ապավինել Հայաստանի աջակցությանը: Միաժամանակ, ցանկանում եմ նաեւ ողջունել Սլովակիային` տրոյկային միանալու կապակցությամբ: