ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը թերահավատորեն է վերաբերում հարցումներին, որովհետեւ դրանք սովորաբար  հակառակ արդյունքն են ցույց տալիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավարն՝ անդրադառնալով Gallup International Association-ի անցկացրած հարցոււմներին:

Այդ հարցումների համաձայն՝ հարցվածների  26.7 տոկոսը դրական է գնահատում ՀՀ նախագահի աշխատանքը, 26.2 տոկոսը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի:

Նկատենք, որ հարցումներից նաեւ պարզ է դարձել, որ Կարապետյանի վարկանիշը 85 տոկոսից նվազել է՝ հասնելով 57-ի:

Դիտարկմանը, որ գուցե այս կերպ հող են նախապատրաստում՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար, Ռուստամյանը չհամաձայնեց. «Որեւէ հող նախապատրաստելու խնդիր չեմ տեսնում ի՞նչ է հարցումներով են հող նախապատրաստում: Հող նախապատրաստում են գործողություններով, որոնք իրենց տրամաբանությամբ ընթանում են»:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ վարչապետի վարկանիշը ոչ թե իջել է, այլ ճիշտ հակառակը՝ կառավարությունը լուրջ արդյունքներ է ցույց տալիս:

«Հանրային ընկալմամբ կարող է դա չերեւալ, որովհետեւ տեմպերը գոհացուցիչ չեն, իսկ փոփոխությունների ուղղությունը ճիշտ է ընտրված եւ պետք է տեմպերն ավելացվեն»,- նշեց Արմեն Ռուստամյանը:

Հարցին՝ կա՞ հանրապետականի շարքերում անձ, որը կփոխարին Սերժ Սարգսյանին մասնավորապես արտաքին քաղաքականության հարցում. «Անփոխարինելի մարդիկ չկան, իսկ արտաքին քաղաքականությունը, բնականաբար, պետք է ավելի նոր որակով եւ մակարդակով իրացվի, խորհրդարանական համակարգը ենթադրում է թիմային աշխատանքը»:

Իսկ հարցին՝ Կարեն Կարապետյանը կկարողանա՞ փոխարինել Սերժ Սարգսյանին, Ռուստամյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, իհարկե, կարող է»: