Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի գործարկումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կավելանա երեք անգամ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Համաշխարհային բանկի առաքելության ղեկավար Աբդուլազիզ Ֆաղիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերին եւ հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Ողջունելով հյուրերին` Աշոտ Մանուկյանը բարձր է գնահատել բանկի դերը Հայաստանի էներգետիկայի բնագավառի զարգացման եւ էլեկտրահաղորդման  ցանցի հուսալիության բարձրացման նպատակով իրականացվող միջոցառումներին օժանդակելու գործում։

Կողմերն անդրադարձել են մասնավորապես ենթակայանների վերակառուցման ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքին եւ ֆինանսավորմանը վերաբերող հարցերին։ Արձանագրվել է, որ ենթակայանների վերակառուցումը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար՝ կապված տարածաշրջանային ծրագրերի իրականացման հետ։ Առանց դրանց արդիականացման անհնարին կլինի սպասարկել առաջիկա տարիներին ակնկալվող հոսքերը։

«Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի գործարկումից հետո էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունը կավելանա երեք անգամ։ Այդ համատեքստում «Երեւանի ՋԷԿ-ի» ենթակայանի կառուցումն ունի ռազմավարական նշանակություն։ Այն սպասարկելու է նաեւ Երեւանի ՋԷԿ-ի կառուցվող երկրորդ էներգաբլոկը, -ընդգծել է Աշոտ Մանուկյանը։

Անդրադառնալով Համաշխարհային բանկի օժանդակությամբ իրականացվող էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրին՝ առաքելության անդամ Արթուր Կոչնակյանն իր գոհունակությունն է հայտնել դրա ընթացքի եւ արձանագրվող արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ նախատեսված բոլոր ցուցանիշները լիարժեք կատարվում են։

Զրուցակիցները քննարկել են նաեւ արեւային էներգետիկայի ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Խոսվել է մասնավորապես «Մասրիկ-1» կայանի կառուցման ծրագրի, դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ ակնկալվող քայլերի մասին։ Առանձնապես կարեւորվել է արեւային էներգիայի կուտակիչ մարտկոցների կիրառման անհրաժեշտությունը եւ դրանց կառուցման գործում բանկի հնարավոր աջակցությունը։