Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի», ընկերությունը թալանելու  մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտվածի պաշտպանի բողոքը: Ամբաստանյալ Կոնստանտին Կոստանյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` 2017 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը` օրինական ուժի մեջ թողնելով Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի ապրիլի 19-ի դատավճիռը: Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալի պաշտպանը` խնդրելով բեկանել ու փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հունիսի 14-ի որոշումը, Կոնստանտին Կոստանյանի նկատմամբ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նվազագույն պատժաչափը եւ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը նաեւ որոշում էր կայացրել Կոնստանտին Կոստանյանի գործը անջատել եւ այն քննել առանձին վարույթում:  Հաշվի առնելով քրեական գործի մեծածավալ լինելը, դատակոչված վկաների մեծ քանակությունը (71 վկա), դատարանը գտել է, որ նշված պայմաններում, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու անհրաժեշտությունից, պետք է Կոնստանտին Կոստանյանի մասով գործն անջատել եւ այն քննել առանձին վարույթում, որը նաեւ չի անդրադառնա գործի քննության լրիվության, օբյեկտիվության եւ բազմակողմանիության վրա:

Ըսը մեղադրանքի «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջերներից Միշա Վարդանյանն էլ 2014-2015թթ. ընթացքում հափշտակել է 46.8 միլիոն դրամի կամ մոտ 96 հազար դոլարի գույք եւ գումար:

Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ  375 հոդվածի 1-մասի եւ 375 հոդվածի 2րդ մասի հատկանշիներով՝ Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը. պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

Կոնստանտին Կոստանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: