2016թ.-ի դեկտեմբերի 5-ին Վանաձորի Ուկրշին տնակային ավանում բռնկված հերեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել էր 1, մասնակի՝ 4 տնակ: Ամբողջությամբ այրված տնակը պատկանում էր Սվետլանա Թամազյանի որդու ընտանիքին: Հրդեհի հետեւանքով Թամազյանները կորցրին ոչ միայն տնակը, այլեւ ամբողջ գույքը, որի մի մասը գնել էին ապառիկով:

Ապառիկով ձեռք բերված համակարգչի, հեռուստացույցի ու մուտքի դռան տոկոսագումարները ընտանիքը շարունակում է  վճարել նաեւ այսօր, չկարողանալով մարել մայր գումարը:

7 օրական փոքրիկին մայրը մի կերպ էր կարողացել փրկել հրդեհի ճիրաններից. նրան անկողնում փաթաթելով դուրս էր նետվել տնակից: Վայրկյաններ անց այդ հատվածում առաստաղը փլվել էր:

«Իմ համար դա ժաժք էր, ոմանց համար, սակայն, հրաշք»,- հրդեհից ուղիղ մեկ տարի անց սրտնեղում է Սվետլանա Թամազյանը, նկատելով, որ հարեւանների տնակները թեեւ մասնակիորեն են վնասվել, սակայն նրանց եւս կազմակերպություններն աջակցել են այնքան, որքան իր ընտանիքին:

Վերջինս նշում է, որ ամեն ինչ կորցրած որդու ընտանիքն ապաստանել է իր փոքրիկ տնակում: Մեկ տարի է, 30 քմ տարածքով տնակում ապրում են 6 անձով՝ ավագ որդին՝ կնոջ, երկու փոքրիկների հետ ու ինքը՝ կրտսեր որդու հետ:

Մեկ տարվա ընթացքում թեեւ մասնավոր աջակցություններ եղել են, սակայն Վանաձորի քաղաքապետարանի կողմից մինչեւ օրս ֆինանսական աջակցություն չի տրամադրվել:

Քաղաքապետարանի կողմից դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարված դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը, չգիտես ինչու, մինչ այժմ չի հատկացվել ընտանիքներին:

«Սովածին հույս տալիս են, իսկ հաց՝ չէ»,- ասում է Սվետլանան ու ավելացնում. «բայց ես արդեն հույս էլ չունեմ»:

Երիտասարդ ընտանիքն այսօր ցանկացած աջակցության կարիք ունի, կլինի դա գույքի, թե կենցաղային տեխնիկայի տեսքով, որպեսզի կարողանան գոնե բնակարան վարձակալել ու առանձին ապրել: