«ՍԱՍ գրուպում» հայտնի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ հրապարակված աղմկահարույց ձայնագրությանը, որտեղ «ՍԱՍ գրուպի» աշխատակիցներին սպառնում էին ու վիրավորում՝ պահանջելով ձայներ ապահովել Արտակ Սարգսյանի օգտին (ֆոտոռեպորտաժ):

Հարցին՝ հրապարակված ձայնագրությունը հիմք չէ՞ գործ հարուցելու համար, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ձայնագրությունները մեզ համար կարեւոր փաստական տվյալ են, բայց ձայնագրության կատարման պայմաններով պայմանավորված ինքը կարող է ապացույց համարվել կամ չհամարվել»:

Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «ՍԱՍ գրուպ»-ում այդ ձայնագրությունը, որտեղ աշխատակիցներին սպառնում ու վիրավորում են ձայներ չապահովելու համար, հիմք չէր պատժելու համար, Արթուր Դավթյանն ասաց, որ քրեական գործով այդ ձայնագրության հանգամանքները մանրամասն քննվել են» «Այդ ձայնագրության մեջ խոսող, միջոցառմանը մասնակից անձինք հարցաքննեվել են: Ձայնագրության առկայությունը կամ բացակայությունը այստեղ որեւէ կապ չունի: Այստեղ փաստն այն է՝ կատարված իրադարձությունն իր մեջ հանցակազմի հատկանիշներ պարունակում է, թե ոչ, իսկ հանցակազմի հատկանիշներ այս իրադարձությունը չի պարունակել»:

Արթուր Դավթյանը հաստատեց, որ ձայնագրության մեջ խոսող անձը եղել է «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի եղբայրը, ով եւս հարցաքննվել է: Գլխավոր դատախազը, սակայն, չնշեց, թե ինչ է ասել Արտակ Սարգսյանի եղբայրը հարցաքննության ժամանակ՝ կապված մարդկանց սպառնալու հետ. «Դուք ինքներդ կարող եք վերցնել այդ ձայնագրությունը եւ ամեն վայրկյան նայել: Ձայնագրության եւ դրա համապատասխան խոսքերի թիրախ հանդիսացող անձանց հարցաքննությունների արդյունքները բերել են համապատասխան ելքի: Կայացվել է համապատասխան որոշում, տրվել է մասնակից բոլոր կողմերին, պարզաբանվել է բողոքարկման բոլոր հնարավորությունները: Վստահ եղեք՝ եթե մենք հնարավորություն ունենայինք կատարված արարքում որեւէ մեկին պատասխանատվության ենթարկել, մի վայրկյան չէինք հապաղի»:

Հարցին, թե ինչո՞ւ էր նա սպառնում աշխատակիցներին, որ ձայն բերեն, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Որքանով ինձ հայտնի է, ոչ մի չպարզված հանգամանք այդ գործով չի մնացել: Պարզվել են բոլոր հանգամանքները, որոնք հանցակազմ չեք պարունակել: Ես առաջարկում են ուսումնասիրեք քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածները: Այդ քրեական գործը հարուցվել էր ընտրակաշառք տալու միջոցով համապատասխան անձանց ընտրական իրավունքի սահմանափակման կամ խոչընդոտման փաստով: Այդ քրեական գործով դրա վերաբերյալ տվյալներ չեն պարունակում: Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում: Այստեղ գործ ունենք վարչական կամ այլ լծակների օգտագործման հետ, որի մասին բազմիցս խոսվել ու մեկնաբանվել է»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակվել էր «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից  մեկի ձայնագրությունը: Դրանում վարողը աշխատակիցներին պարտադրում էր ձայներ բերել ՀՀԿ տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին՝ խոստանալով, որ շատ ձայներ բերողները կպարգեւատրվեն, իսկ չբերողները ընդհուպ կհեռացվեն աշխատանքից: