«ՍԱՍ»-ի գործի հետ կապված. քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բացեր, որն էլ հնարավորություն չընձեռեց կատարել համապատասխան քայլեր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով «ՍԱՍ գրուպի» աղմկահարույց ձայնագրությանը, որտեղ «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի եղբայրը սպառնում ու վիրավորում էր աշխատակիցներին՝ ստիպելով ձայներ ապահովել ՀՀԿ-ի եւ Արտակ Սարգսյանի օգտին:

«ՍԱՍ»–ի գործի հետ կապված այնուամենայնիվ մեր քրեական օրենսդրությունն ուներ լուրջ բաց, որը հնարավորություն չընձեռեց նման դեպքերում, թեեւ ես ինքս համարում եմ անթույլատրելի նման դեպքերը, կատարել քրեական իրավունքով նախատեսված քայլը: Նման դեպքերում կառավարությունը պետք է անմիջապես մշակի այնպիսի փոփոխություն, որ այսուհետ նման դեպքերը դառնան քրեորեն պատժելի»,-ասաց նա:

«Մենք այս փոփոխությունն արել ենք և ներկայացրել ենք, որ ցանկացած անձ՝ օգտագործելով իր աշխատանքային կամ այլ հարաբերությունները, պարտադրել է մասնակցել քարոզչությանը, կամ հակառակը ձեռնպահ մնալ քարոզչությունից, դիտարկվի որպես քրեական արարք: Սա հենց այն քայլն է, որը ցույց է տալիս թե՛ քաղաքական կամքը, թե՛ ձեռնարկված էական քայլը: Կատարե՞լ է արդարադատության նախարարությունը, թե՞ ոչ, առաջարկում եմ բացել տեսնել e-draft կայքը, նայել այնտեղ տեղադրված ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որ առաջարկել ենք հանրային քննարկմանը եւ գտնել այնտեղ դրույթ, երբ ցանկացած անձի, որը օգտագործում  է աշխատանքային  կամ որեւէ հարաբերություն պարտադրելը մասնակցելու քարոզչությանը կամ ձեռնպահ մնալ, մենք նախատեսել ենք որպես քրեական արարք։ Սա ցույց է տալիս քաղաքական կամքը»,-ընդգծեց նախարարը:

Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ այս փոփոխություններից հետո էապես կփոխվի գործատուների՝ աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը։

Այդուհանդերձ, ըստ նախարարի, այս փոփոխությունները «ՍԱՍ»-ի գործի վրա չի ազդի, որովհետև այն չունի հետադարձ ուժ:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նաեւ այն միջոցառումները, որոնք կառավարությունն իրականացրել է ուղղված կոռուպցիան կանխարգելելու եւ պատժիչ քաղաքականություն իրականացնելուն։ Նախարարի թվարկած գործիքները, ըստ նրա հիմնադրվել են վերջին մեկ տարվա ընթացքում։