Եկեղեցին չի կարող անջատ լինել  ոչ պետությունից, ոչ բանակից: Այս մասին, դեկտեմբերի 8-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, զինված ուժերի հոգեւոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի միջոցառման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Գարեգին Բ Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր այրեր:

Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման պատմությունն ու անցած 20-ամյա ուղին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ պետականության բացակայության դարերի ընթացքում հայոց եկեղեցին է իր ուսերին կրել մեր ժողովրդին միավորելու, կրթելու, անհրաժեշտության դեպքում` մարտի դաշտ տանելու բոլոր գործառույթները։ «Եկեղեցին չի կարող անջատ լինել  ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, եւ ամենակարեւորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ։ Մարտի դաշտը մեզ համար առնչվել է նաեւ այն հոգեւորականների հետ, որոնք երբեք հետ չեն մնացել եւ հաճախ առաջնորդել են հայկական զորքերը։

Գարեգին Առաջին վեհափառի օրոք հիմնադրվեց եւ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ամրանում է հոգեւոր առաջնորդությունը զինված ուժերում։ Դա այն ուժն է, որը պետք է մեր բանակը դարձնի յուրահատուկ, դա այն ուժն է, որը պետք է ազգային ոգի եւ նոր միջավայր ձեւավորելու կարեւոր միջոց դառնա մեր զինված ուժերում»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նշենք, որ Հայ եկեղեցում ԶՈՒ հոգեւոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, Գարեգին Ա կաթողիկոսի եւ ՀՀ պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ: