Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ որոշումը խախտում է միջազգային իրավունքը եւ վնաս է հասցնում ՄԱԿ հեղինակությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սպիտակ տունը խաչ է քաշել ՄԱԿ ԱԽ №478 բանաձեւի վրա, որը ստորագրել է նաեւ ԱՄՆ-ն։ Չի կարող վստահություն լինել մի  կազմակերպության նկատմամբ, որի որոշումներն անտեսվում են ՄԱԿ ԱԽ ամենամշտական անդամների կողմից։ Ոչ ոք իրավունք չունի իրեն օրենքից վեր դասել»,- ասել է Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։

Էրդողանի խոսքով՝ Թրամփը փորձում է նպատակներին հասնել «Ես արել եմ, ուրեմն այդպես էլ կլինի» սկզբունքով։

«Կներեք, բայց նման մտածելակերպով համաշխարհային  հանրությունը կառավարելը հեշտ չէ։ Ուժը նման իրավունք չի տալիս։ Դիմում եմ առաջատար պետությունների ղեկավարներին, նրանք են պատասխանատու խաղաղության համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։

«Իսրայելի ոստիկանությունը պաղեստինյան հողերում ահաբեկչություն տարածելու գործիք է։ Իսրայելի օդանավերը ռմբակոծում են Գազայի հատվածը։ Հարձակումներ են իրականացվում Պաղեստինի եւ այլ հատվածներում։ Երուսաղեմի ճակատագիրը չի կարող մնալ օկուպանտ երկրի քմահաճույքին»,- ասել է Էրդողանը։