Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հերթական 78-րդ լիագումար նիստում, դեկտեմբերի 4-8-ին, Հայաստանի վերաբերյալ 4-րդ փուլի գնահատման համապատասխանության զեկույցի քննարկմանը մասնակցելու եւ ՀՀ պաշտոնական մեկնաբանություններն ու առաջարկությունները ներկայացնելու նպատակով Ստրասբուրգ է գործուղվել ՀՀ-ում ԳՐԵԿՈ-ի պատվիրակությունը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը ղեկավարել է քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը: Պատվիրակության կազմում էր նաեւ Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գեւորգյանը:

Լիագումար նիստում ընդունվել է ՀՀ վերաբերյալ գնահատման 4-րդ փուլի համապատասխանության զեկույցը, որով ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել տրված հանձնարարականների ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները, մասնավորապես՝ Սահմանադրական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ մի շարք օրենքների ընդունումը եւ այլն:

Միաժամանակ ԳՐԵԿՈ-ն կոչ է արել շարունակել ջանքերը բարեփոխումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ: