Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նշեց, որ նշված վարկային համաձայնագիրը բյուջետային աջակցության վարկ է, որի ստացումը հնարավորություն կտա սահուն կերպով անցկացնել 2017 թվականը եւ ունենալ ֆինանսական կայունության ապահովում:

Նրա խոսքով, վարկի գումարը 40 մլն դոլար է, վարկը տրվում է 15 տարով, որից 3 տարին՝ արտոնյալ, վճարումներ կատարվելու են 24 հավասար մասերով՝ 2020-2031 թվականները:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հարցին, թե թե կա՞ հստակ ծրագիր, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը, փոխնախարարը պատասխանեց. «Կոնկրետ վարկային ծրագիրը ծախսային նպատակադրում չունի, հենց դրանով բյուջետային աջակցության վարկը տարբերվում է այլ տեսակի վարկերից: Քանի որ մեր բյուջետային տարին լինելու է դեֆիցիտով, այդ վարկը փակելու է եկամուտների եւ ծախսերի տարբերությունը»: