Yemen Today-ի՝ ապստամբ հուսիների կողմից շուրջ երկու շաբաթ պատանդում պահվող 4 լրագրողները մահացել են, մնացածին հուսիները տեղափոխել են անհայտ վայր: Այս մասին հայտարարել է Եմենի տեղեկատվության նախարար Մուամար ալ-Էրյանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չորս լրագրողի մահվան մասին լուրը, որոնք վիրավորվել էին հուսիների կողմից Yemen Today հեռուստաալիքի շենքի գրոհի ժամանակ, հաստատվել է»,- թվիթերյան իր էջում գրել է եմենցի նախարարը:

Վերջինիս փոխանցմամբ՝ արնաքամ եղած վիրավոր լրագրողներին բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ինչի հետևանքով նրանք մահացել են: Զոհվածների անունները նախարարը չնշեց: «Այսօր հուսիները Yemen Today-ի պատանդ վերցված լրագրողներին տեղափոխել են անհայտ վայր: Չի բացառվում, որ այդ քայլով նրանք պատրաստվում են վերջիններիս սպանությանը»,- գրել է նախարարը:

Մուամար ալ-Էրյանին նշել է, որ լրագրողները զինված չեն, եւ նրանց պատանդ պահելը կամ սպանելը իմաստ չունի: Նախարարը արաբ լրագրողների արհմիությանը եւ այլ միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչին կոչ է արել միջամտել իրավիճակին եւ ճնշում գործադրել հուսիների վրա՝ լրագրողներին ազատ արձակելու համար:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ապստամբները գրավել են Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող հեռուստակենտրոնի շենքը, որտեղ և տեղակայված է Yemen Today հեռուստաալիքի գրասենյակը, որի հետ համագործակցում էր Sputnik-ի թղթակիցը: Լրագրողները կիրակի օրը ի նշան բողոքի հացադուլ են հայտարարել: