ԱՄՆ փորձագիտական խումբը ՀՀ -ին կաջակցի հակահրդեհային միջոցառումների պլանավորման եւ մշակման գործում: Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ԱՄՆ դեսպանության պաշտպանության համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Դոնալդ Հարփերի եւ ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար  Ջենիֆեր Քրոֆթի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ թիմի՝ Հայաստան այցի նպատակն է փորձագիտական աջակցություն ցուցաբերել Խոսրովի եւ Արտավանի անտառներում տեղի ունեցած հրդեհների հետեւանքների վերացման, անտառային հրդեհների կանխարգելիչ աշխատանքների իրականացման  գործում, ինչպես նաեւ՝ ազգային կանխարգելիչ կարողությունների գնահատման եւ զարգացման նպատակով խորհրդատվության տրամադրումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փորձագիտական ուսումնասիրության իրականացման մեխանիզմները, ԱԻ նախարար Դ. Տոնոյանը նախանշեց փորձագիտական աշխատանքից ակնկալվող առաջնահերթությունները. մասնավորապես՝ հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում անտառային տնտեսությունների մոնիթորինգի մեխանիզմները, կանխարգելման աշխատանքների իրականացման արդիական մեթոդները եւ մեխանիզմները, ինչպես նաեւ՝ հայկական կողմից ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ լեռնային շրջաններում ցամաքային հրդեհաշիջում իրականացնելու գործում:

ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման թիմի ղեկավար  Ջենիֆեր Քրոֆթն ընդգծեց հրդեհային վտանգավոր ժամանակահատվածում հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների իրականացման կարեւորությունը, ինչպես նաեւ՝ նշեց, որ անտառային հրդեհների դեպքում շատ կարեւոր է ցամաքային եւ օդային հրդեհաշիջման համակցված աշխատանքը:

Հանդիպման ավարտին ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն ձեռքբերվեց անտառային հրդեհների դեմ պայքարի մեխանիզմների եւ մեթոդաբանության մշակման վերաբերյալ:

Նշենք, որ փորձագիտական թիմն այցելել է Արագածոտնի մարզի Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատ՝ ծանոթանալու ՀՀ ԱԻՆ-ի հրդեհաշիջման կարողություններին, իսկ վաղը՝ դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ փորձագիտական թիմն այցելելու է Խոսրովի անտառ՝ տեղում ուսումնասիրություններ իրականացնելու համար: