Հայաստանի այն քաղաքացիները, որոնց ամսական եկամուտը 1 մլն դրամ է եւ մի փոքր ավելի, միջին դասից նույնիսկ ցածր մակարդակի վրա են գտնվում: Այս մասին դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների եւ լրացումների մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ եթե Հայաստանի քաղաքացին ցանկություն է ունենում 25 մլն դրամ արժեցող բնակարան գնել, ապա նա ստիպված է հիփոթեք վերցնել, որի ամսական մարումը նրա վրա 300 հազար դրամ կնստի: «Եվ միայն նրանք, որոնք 1 մլն դրամի եկամուտ ունեն, կարող են իրենց թույլ տալ Երեւանում բնակարան գնել: Իսկ եթե մարդը միլիոնից պակաս է ստանում, նա սկզբունքորեն այն երբեք չի կարողանա գնել»,- ասաց Գորգիսյանը՝ հավելելով, որ եթե քաղաքացին երեխաներ ունի, ապա լրացուցիչ ծախսեր են առաջանում, իսկ ձմեռային ամիսներին կոմունալ վճարումները մի քանի անգամ մեծանում են՝ չհաշված սնունդի եւ տրանսպորտի ծախսերը:

Ընդդիմադրի տեսակետով՝ Հայաստանում ոչ մի կերպ չի կարող միջին դաս ձեւավորվել, չնայած հենց նա է պետության զարգացման հիմքը, շարժիչ ուժը, եւ 1 մլն դրամ եկամուտ ունեցող քաղաքացիներին հիփոթեքի տրամադրման մերժումը սխալ է եւ քաղաքացիներին զրկում է այն իրավունքներից, որոնցից կարող է օգտվել միջին դասի ներկայացուցիչը: