ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2017 թվականի դեկտեմբերի 13-ի նիստում քննարկել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը եւ համաձայնություն տվել:

ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «Գազպրոմ Արմենիա»  փակ բաժնետիրական ընկերության 2018-2020 թվականների ներդրումային ծրագրին`  32 396.7 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի։

Ներդրումային ծրագրով նախատեսվում է երեք նոր մայրուղային գազատարների կառուցում, ինչպես նաեւ Աբովյանի ԳՍՊԿ-ի զարգացման եւ ընդլայնման ծրագրի շրջանակներում՝ նոր ճնշակայանի եւ նոր գազահորի շինարարություն։ Նոր բաժանորդների ավելացմանն ուղղված միջոցառումների թվում՝ նախատեսվում է բնական գազի կենցաղային հաշվիչների, պաշտպանիչ արկղերի եւ ազդանշանային սարքերի եւ ինքնաշխատ վթարային կափույրների ձեռքբերում։

Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է նաեւ ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների, մեքենամեխանիզմների, համակարգչային, կազմակերպչական տեխնիկայի եւ այլ գույքի ձեռքբերում։

Ծրագրի համաձայն, ներդրումները կուղղվեն մայրուղային նոր գազատարների կառուցմանը, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերմանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ)-ի ընդլայնմանը:

2018-ին նախատեսվում է շուրջ 3 մլրդ դրամի, 2019-ին` մոտ 3.2, 2020-ին` 22.1 միլիարդ դրամի ներդրում, որից մայրուղային նոր գազատարների կառուցմանը 2018-ին կուղղվի 2.5, 2019-ին` 1.8, 2020-ին` 3.3 միլիարդ դրամ:

Ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման ոլորտում 2018 թվականին ներդրումները կկազմեն 37 մլն դրամ: Իսկ ամենախոշոր ներդրումն ընկերությունը կկատարվի 2020 թվականին Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման ուղղությամբ` մոտ 18.7 միլիարդ դրամի չափով: 2018-ին նոր օբյեկտների կառուցման ուղղությամբ կհատկացվի 146 մլն դրամ, 2019-ին՝ 630 մլն դրամ: