Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Սամվել Գևորգյանի «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի երկար սպասված շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հարյուրավոր հյուրեր, այդ թվում՝ բազմաթիվ գործընկերներ, հարազատներ և ընկերներ: Նրանք ծանոթացան գրքի ստեղծման պատմությանը և նպատակին, հնարավորություն ունեցան նաև ստանալ անվանական ստորագրություն բիզնես սկսելու մաղթանքներով հեղինակի կողմից:

Գիրքը հասցեագրվում է թե՛ սկսնակ, թե՛ արդեն փորձառու ձեռներեցներին: Օգտակար է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են «Ձեռնարկատիրություն» առարկայով, և այն դասախոսների, որոնք դասավանդում են բիզնեսին առնչվող առարկաներ: Գիրքը նախատեսված է նաև միջազգային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների համար, որոնք աջակցում են Հայաստանում ՓՄՁ զարգացմանը:

«Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գիրքը բաղկացած է 21+1 գլխից, որոնք բաժանված են 4 հիմնական մասի՝  պլանավորիր քո բիզնեսը, կազմակերպիր քո բիզնեսը, կառավարիր քո բիզնեսը և զարգացրու քո բիզնեսը:

Բովանդակությունն ու գլուխները կառուցված են այնպես, որ օգտակար կլինի կարդալ ինչպես հերթականությամբ՝ նախաբանից մինչև վերջաբան, այնպես էլ ըստ անհրաժեշտության՝ անդրադառնալ առանձին գլուխների, որոնց թեմաներն ընթերցողին ավելի կհետաքրքրեն: Վերջաբանի փոխարեն գրված լրացուցիչ 22-րդ գլխի գաղափարն այն է, որ եկել է ժամանակը՝ գործելու, նորարար լինելու, առաջնորդ դառնալու, ինքնակազմակերպվելու և Հայաստանում բիզնես սկսելու:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» գրքի 4-րդ հրատարակությունում ներառված են նոր գործիքներ, մոտեցումներ,  մեթոդներ և բանաձևեր: Գրքում ներկայացված են նաև հայկական բիզնեսի 200-ից ավելի օրինակ և պատմություն այնպիսի ոլորտներից, ինչպես ՏՏ, տուրիզմ, արտադրություն, ծառայություններ և այլն: Նրանք գրքի ասելիքը դարձնում են ավելի առարկայական, գործնական, մշտապես կիրառելի:

Իսկ Սամվել Գևորգյանի՝ սեփական բիզնեսներ հիմնելու և հաջողություններ գրանցելու փորձն ու գիտելիքները լրացուցիչ արժեք են ավելացնում գրքին: Գրքի հիմքում դրված է իր՝ սեփական բիզնեսներով զբաղվելու 26 տարվա փորձը, բիզնեսի խորհրդատվական գործունեությունը հարյուրավոր ընկերությունների հետ և թրեյնինգային փորձառությունը հազարավոր մասնակիցների հետ:

Գրքի շնորհանդեսից անցել է ընդամենը երկու շաբաթ, սակայն հասցրել է դառնալ բավական պահանջված, և ներկա է բոլոր գրախանութներում և օնլայն վաճառքի հարթակներում: Ընթերցողներին հատկապես ոգևորում է վերջին 22-րդ գլուխը, որը կոչում է անմիջապես գործել, և Հայաստանի բոլոր անկյուններից մարդիկ շնորհակալություն են հայտնում այդ ոգեշնչման համար և կիսվում իրենց ապագա պլաններով: Գրքի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Ռուսաստանում, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում բնակվող հայազգի քաղաքացիներից:

Այսպիսով, կարելի է վստահորեն ասել, որ գիրքն արդեն իսկ ծառայում է իր ճիշտ նպատակին և մոտ ապագայում կօգնի էլ ավելի բարձրացնել ձեռներեցության շունչը Հայաստանում և բարելավել գործարար միջավայրը:

Սա էլ մեր լրացուցիչ տեղեկատվությունը զորացրված երիտասարդներին աջակցելու ուղղությամբ:

ՄԵՐ ԱԶԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻՑ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

Հարգելի ընկերներ: Մի շատ կարևոր նորություն եմ ցանկանում հայտնել ձեզ կապված «Քո Սեփական Բիզնեսը Հայաստանում» գրքի հետ: BSC-ի ամբողջ անձնակազմով որոշում ենք կայացրել գրքի վաճառքից գոյացած ամբողջ շահույթը ուղղել հայկական բանակից զորացրված երիտասարդների մասնագիտական վերապատրաստման և վերաորակավորման ծրագրի իրագործմանը: Ծրագրի նպատակն է զորացրված այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել նոր մասնագիտություն կամ նոր որակավորում, վերապատրաստել, կապել գործատուների հետ և ապահովել աշխատատեղով: Ծրագիրը կիրականացնենք Quick Start-ի նախագծի շրջանակներում և մեթոդոլոգիայով: Ծրագրի իրականացումը կսկսենք հունվար ամսին և առաջին դիմորդները կլինեն 2016թ-ին զորացրված երիտասարդները: Առաջին քայլը կլինի տեղեկատվական միջոցառումը, որտեղ կներկայացնենք ծրագրի մանրամասները:

Գրքի պաշտոնական կայքը՝ http://books.bsc.am/, Ֆեյսբուքյան էջ www.facebook.com/YourOwnBusinessInArmenia/: