Կառավարության իր այսօրվա՝ դեկտեմբեի 14-ի նիստում, որոշում կայացրեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմին ամրացված ընդհանուր մոտ 1.2 մլրդ դրամ հաշվեկշռային արժեքով գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

Որոշման նախագծում նշված է, որ պայմանագրի նոտարական վավերացումը եւ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

«Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման Հուշագիր (Հուշագիր): ԻԻՀ կառավարությունը համաձայնել է Հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի եւ Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար», - նշված է նախագծում:

Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության (պատվիրատու) եւ իրանական «Սաներջի» ընկերության (գլխավոր կապալառու) միջեւ կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր (Պայմանագիր):

Ծրագրի շրջանակներում Մեղրի եւ Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1.279.169.136 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարեւորությունը՝ կառավարությունն անհրաժեշտ է համարել նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին: