Ավստրալիայի պետական հանձնաժողովը զեկույց է հրապարակել կրթական հաստատություններում, մեծ մասամբ՝ կրոնական, մանկապղծության դեպքերի մասին: Հնգամյա հետաքննության արդյունք հանդիսացող զեկույցում պնդում կա, որ դպրոցները եւ եկեղեցին չեն կարողացել տասնյակ հազարավոր երեխաներին պաշտպանել եւ պատշաճ օգնություն ցուցաբերել, փոխանցում է Euronews-ը: 

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլն իր շնորհակալությունը եւ հարգանքն է հայտնել բոլոր տուժածներին եւ նրանց ընտանիքներին, որոնք պատմել են բռնության հրեշավոր պատմությունները մարդկանց կողմից, որոնք պետք է նրանց սիրեին եւ պաշտպանեին:

Հանձնաժողովը հարցում է կատարել ընդհանուր ավելի քան 8 հազար մարդու եւ ստացել է ավելի քան 1300 գրավոր ցուցմունք: Մանկապղծության դեպքեր են հայտնաբերվել ավելի քան 4 հազար ուսումնական հաստատություններում:

Մանկապղծության դեպքերի 60 տոկոսը տեղի է ունեցել կաթոլիկ հաստատություններում (սակայն համանման դեպքեր են եղել նաեւ անգլիկան եւ եհովական դպրոցներում): Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը պարբերաբար արդարադատությունից թաքցրել է մանկապիղծ հոգեւորականներին եւ հրահանգել է փոփոխություններ կատարել կանոնիկ իրավունքում՝ մանկապղծության դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար:

Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցուց հայտարարել են, որ ցնցված են սեռական հանցագործությունների բացահայտված դեպքերից եւ ամոթահար են հոգեւորականների պատճառով, որոնք դա կատարել են ու թաքցրել: Միեւնույն ժամանակ շեշտել են, որ խոստովանության գաղտնիքը խախտողները եկեղեցուց կհեռացվեն: