Հայաստանում տնտեսական իրավիճակի վրա մեծապես ազդում են պղնձի միջազգային գները: Իսկ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու լուրջ հիմքեր չկան, քանի որ նրանք բացարձակապես հետաքրքրված չեն: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ եթե 2016 թվականին պղնձի միջազգային գինը մեկ տոննայի դիմաց կազմել է 4500-4700 դոլար, ապա 2017 թվականին այդ թիվը հասել է 7000 դոլարի: «Մենք պետք է ակնկալենք պղնձի գնի հետ կապված իրավիճակի զարգացում: Հիմա միջազգային շուկայում պղնձի հիմնական գնորդը Չինաստանն է»,- պարզաբանել է Խաչատրյանը` հավելելով, որ անհրաժեշտ է գնահատել իրավիճակը չինական շուկայում եւ պարզել՝ այն պղնձի նոր մատակարարման կարիք ունի, թե ոչ: