Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ կապի մեջ չի եղել վրացական կողմի հետ «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնման վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ուկրաինայի  արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոդնարը, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը:

«ԱԳՆ-ն որեւէ բանակցություն չի վարում: Վրաստանի հետ կապը իմ իրավասության մեջ է, սակայն ԱԳՆ-ի գծով որեւէ կապ չի եղել»,- ասել է Բոդնարը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԳՆ-ին  հայտնի է Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ Ուկրաինայի եւ Վրաստանի միջեւ իբր տարվող բանակցությունների:

Փոխնախարարը նշել է, որ եթե վրացական կողմը համապատասխան հարցումներ է ուղղում, ապա դրանք պետք է գնան Արդարադատության նախարարության միջոցով դեպի Գլխավոր դատախազություն: «Այս գործընթացին ԱԳՆ-ն չի մասնակցում»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Վրաստանի «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին Բելառուսում գաղտնի բանակցություններ է վարում Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների հետ Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ: