Հայաստանի եւ Եվրամիության (ԵՄ) միջեւ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը երկար տարիների լուրջ իրավական հիմք կդառնա բոլոր առաջնահերթ ոլորտներում հայ-եվրոպական հարաբերությունների զարգացման համար:

Դեկտեմբերի 15-ին Երեւանում կայացած Եվրոպական բիզնես ասոցիացիայի 2-րդ գագաթաժողովի կուլուարներում լրագրողների հետ զրույցի ընթացքում նման կարծիքը հայտնեց Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուց հետո մեծ աշխատանք է նախատեսվում իրականացնել տնտեսության եւ առեւտրի տարբեր ոլորտներում եվրոպական փորձի եւ ստանդարտների ներդրման ուղղությամբ: Ինչպես նշեց փոխնախարարը, ստանդարտների ներդնումը կպարզեցնի վարչարարության ընթացակարգերը, ինչը, իր հերթին, կհանգեցնի Հայաստանի եւ Եվրամիության երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճի, հատկապես` Հայաստանից արտահանման:

«2017 թվականի 10 ամսվա ընթացքում Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Միեւնույն ժամանակ GSP+ համակարգի շրջանակներում ապրանքների 40 տոկոսը ԵՄ է արտահանվել զրոյական մաքսատուրքերով: Ինչպես հայտնի է, Հայաստանից Եվրոպա արտահանվող ապրանքների 90 տոկոսի համար մաքսատուրք չի վճարվում»,- հիշեցրեց փոխնախարարը` հավելելով, որ այս ցուցանիշի բարելավման համար առկա են բոլոր նախադրյալները:

Գարեգին Մելքոնյանը նաեւ նշեց, որ  2017 թվականին  զգալիորեն բարելավվել է նաեւ Հայաստանից դեպի ԵՄ արտահանման կառուցվածքը, մասնավորապես, Հայաստանը սկսել է արտահանել ավելի շատ պատրաստի ապրանքներ, վերամշակված արտադրանք, դեղեր եւ տեքստիլ:

Նրա կարծիքով, 2018 թվականին Հայաստանի՝  REX  գրանցված արտահանողների համակարգին միանալը բարենսպաստ ազդեցություն կունենա հատկապես ՓՄՁ-ների վրա, քանի որ համակարգը թույլ է տալիս գործարարներին առանց ապրանքի ծագման վկայականի, մեկ անգամ գրանցվելով REX համակարգում, դուրս գալ ԵՄ շուկաներ եւ օգտվել GSP+ արտոնություններից:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանը  ստորագրել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին: Փաստաթուղթը ստորագրվել է Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկո Մոգերինիի կողմից: