ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում առաջին անգամ առանց քննարկման եւ փաստարկների որոշել են ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգել:

Այս մասին գագաթաժողովից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա հետաքրքիր է, բայց այս անգամ առաջնորդներն առաջին անգամ որոշել  են առանց քննարկման կամ փաստարկների պատժամիջոցները երկարաձգել», - ասել է նա:

ՏԱՍՍ-ի եվրոպական աղբյուրի համաձայն՝ հինգշաբթի երեկոյան՝ աշխատանքային ճաշի ժամանակ, «ղեկավարները լսել են կանցլեր Մերկելի եւ նախագահ Մակրոնի զեկույցը Մինսկի համաձայնագրերի իրականացման մասին»:

Աղբյուրի համաձայն՝ գագաթաժողովը «արձանագրել է Մինսկի համաձայնագրերի առաջընթացի բացակայությունը, ինչը կանաչ լույս է նշանակում պատժամիջոցների երկարաձգման համար»:

Գործակալության զրուցակիցը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե գագաթաժողովի աշխատանքային ընթրիքի ժամանակ՝ եղե՞լ է արդյոք այս հարցի վերաբերյալ որեւէ քննարկում:

Նա նաեւ նշել է, որ ԵՄ խորհուրդը դեսպանի մակարդակով նախատեսում է մինչեւ Սուրբ Ծնունդը երկարաձգել պատժամիջոցները 6 ամսով: