Կաշառք տալու եւ փաստաբան Վաղինակ Աթոյանի կողմից կաշառքի դրդչության փաստերով հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Մեր տեղեկություններով, գործը քննվելու է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ Հատուկ քննչական ծառայության, նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ եւ Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:

Պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված դատավճռով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանուկ Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը փոփոխվել եւ նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում: Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` ամբաստանյալի շահերի պաշտպան Վաղինակ Աթոյանը, դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու եւ խաբեությամբ զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Մ. Մանուկյանին, ապա նաեւ նրա քրոջը՝ Սեդա Մանուկյանին եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե, իբր, դատավորները ամբաստանյալի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, որից հետո փաստաբանը համոզելու եղանակով դրդել է տալ 470 հազար դրամ կաշառք` այն, իբր, դատավորներին փոխանցելու համար:

Մանուկ եւ Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը, ապա` 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Վ. Աթոյանը Ս. Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ գումարը: Սակայն արդյունքում` Մանուկ եւ Սեդա Մանուկյանների կողմից պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալը ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ փաստաբանը հանցանք կատարելու դրդմամբ ստացած հիշյալ գումարն ի սկզբանե դատավորներին փոխանցելու մտադրություն չի ունեցել եւ այն խաբեությամբ հափշտակել է:

Այսպիսով, պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար Մանուկ եւ Սեդա Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ փաստաբան Վ. Աթոյանին` խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Աթոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: