Վերաքննիչ քրեական դատարանը դեկտեմբերի 29-ին ամենայն հավանականությամբ կհրապարակվի 40 օրական երեխայի մահվան գործով 2 տարվա ազատազրկման դատապարտված բժշկուհու վերաբերյալ դատավճիռը:

NEWS.am-ին բժշկուհու պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնեց, որ այդ օրը իր պաշտպանյալը վերջին խոսքով հանդես կգա, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ:

Նշենք, որ այս գործով Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանն առաջին ատյանի դատավճռով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Բժշկուհին, սակայն, Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով արդարացում կամ գոնե պատիժը պայմանականորեն չկիրառել: Մինչդեռ մեղադրողը պնդում է, որ համաչափ պատիժ է սահմանել առաջին ատյանի դատարանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 30 տարվա փորձ ունեցող Մարինե Հակոբյանը, քաջատեղյակ լինելով դեռեւս 2015թ. փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը իր իսկ ցուցումով բուժում ստացած եւ հաջորդ օրն առավոտյան հարազատների ուղեկցությամբ «Հրազդան ԲԿ» բերված 40 օրական Մանեի՝ ընտանեկան բժիշկ Մելանյա Եղիազարյանի կողմից տրված «հնարավոր բակտերիալ ինֆեկցիա, ինտեստինալ սինդրոմ» ախտորոշմանը չի պահպանել «Երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ուղեգրման եւ հոսպիտալացման կարգը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2013թ. հունվարի 22-ի N 90-Ա հրամանի հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

Մանկաբույժը դրսեւորել է անբարեխիղճ վերաբերմունք, չի կատարել իր մասնագիտական պարտականությունները՝ հրաժարվել է երեխային ընդունել ստացիոնար՝ պատճառաբանելով, որ հիվանդանոցը անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած չէ եւ այդպիսով բաց է թողել տվյալ դեպքում անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման հիմնական եւ միակ ճիշտ մոտեցումը՝ հոսպիտալիզացիան. որի դեպքում հնարավոր կլիներ Մանեին ցուցաբերել բժշկական սարքավորումներով չպայմանավորված առաջնային բուժօգնություն՝ ինֆուզիոն թերապիա, հեղուկների ներարկում, հակաբիոտիկային բուժում, թթվածնաբուժություն:

Այս ամբողջը հնարավորություն կտար ձեռնարկել մահվան հետ պատճառական կապի մեջ գտնվող հիվանդությունների բուժմանն ուղղված համապատասխան գործողությունները եւ կանխել հիվանդության չարորակ, արագ ընթացքի արդյունքում «Արաբկիր» ԲԿ տեղափոխվող հիվանդ Մանեին անզգուշությամբ պատճառված մահը:

Մարինե Հակոբյանը շարունակում է աշխատել Հրազդանի բժշկական կենտրոնում, նա միակ մանկաբույժն է հիվանդանոցի: