2011թ. դեկտեմբերին ֆրանսուհի Մոնիկ Հարլեին դաժանաբար սպանելու եւ նրա կարողությանը տիրանալու համար 14 տարով ազատազրկված Գեւորգ Խաչատրյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Գեւորգ Խաչատրյանը դժգոհ է առաջին ատյանի կայացրած վճռից եւ Վերաքննիչ էր դիմել՝ պահանջելով առաջադրված մեղադրանքը վերաորակել: Վերաքննիչը, սակայն, մերժել էր ամբաստանյալի բողոքն ու անփոփոխ թողել դատավճիռը: Դրանից հետո Խաչատրյանը դիմել է Վճռաբեկ:

Հիշեցնենք, որ դատաքննությամբ հիմնավորվել էր, որ Խաչատրյանը 2011թ. դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երեւան չվերթով 78-ամյա Մոնիկ Հարլեի հետ ժամանել էր Հայաստան, որտեղ սպանել էր Հարլեին, թաղել տան հետնամասում գտնվող փոսի մեջ, հափշտակել բանկային քարտերը եւ մեկ ամիս անց վերադարձել Մարոկկո: Այնտեղ արդեն Խաչատրյանը փորձել էր Հարլեի բոլոր ֆրանսիական ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն ձեռբակալվել էր Մարոկկոյի ոստիկանության կողմից:

Խաչատրյանը Հայաստան է տեղափոխվել 2015թ.-ի ապրիլին:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Գեւորգ Խաչատրյանը պատմել էր, որ Հարլեի հետ դեպքի օրը կոնյակ են խմել, որից հետո ֆրանսուհին հանկարծակի վատացել է, ապա հանկարծամահ եղել: Խաչատրյանի պատմելով՝ ինքը շփոթվել է եւ թաղել Հարլեին: