Սաուդյան արքայազն Մոհամմեդ բին Սալմանը «Տեսլական-2030» ռազմավարական պլանի շրջանակներում հանձնարարել է աշխատանքներ տանել թագավորության տարածքում ուրանի եւ թորիումի պաշարների ուսումնասիրման եւ գնահատման նպատակով։ Այս մասին հաղորդում է Okaz պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ թագավոր Աբդալահի անվան ատոմային եւ վերականգնվող էներգիայի գիտական կենտրոնը եւ երկրի երկրաբանական վարչությունը Չինաստանի ազգային ատոմային կորպորացիայի փորձագետների հետ միասին սկսել են նախագծի իրականացումը սաուդյան Հաիլ նահանգում: Այն նախատեսված է երկու տարվա համար եւ կիրականացվի չին-սաուդյան համաձայնագրի շրջանակներում, որը ստորագրվել էր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդի Պեկին կատարած այցի ընթացքում:

Երկրաբանական վարչության պետ Զահիր Նավաբը հայտարարել է, որ «թագավորությունը մտադիր չէ հումքը օգտագործել ռազմական նպատակներով»: «Առաջնահերթ խնդիրն է ուսումնասիրել եւ գնահատել ուրանի եւ թորիումի պաշարները՝ արդյունաբերության զարգացման եւ ռեսուրսները որպես նավթին այլընտրանք խաղաղ նպատակներով օգտագործելու համար»,-նշել է նա: