Քաղաքական մշակույթի առումով շատ լավ է, որ տարբեր խմբակցություններ առաջադրեն իրենց թեկնածուին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը` անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու փաստին:

«Նորմալ եմ գնահատում «Ելք»-ի նախագահի թեկնածու առաջադրելու փաստը, եւ շատ կարեւոր  է, որ նախագահի տարբեր թեկնածուներ առաջադրվեն, սակայն, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նախագահի թեկնածուն երկար տարիների հմուտ քաղաքական փորձ պետք է ունենա: Բայց, իհարկե, նորմալ է, որ «Ելք»-ը իր թեկնածուին առաջադրեց»,-ասաց տիկին Աճեմյանը:

Հարցին, թե արդյոք «Ելք»-ին կհաջողվի՞ «Ծառուկյան» դաշինքի հետ բանակցություններում հաջողություն գրանցել եւ միասնական թեկնածու առաջադրել, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ ժամանակը ցույց կտա. «Ընդդիմադիր ուժերը քննարկում կիրականացնեն եւ որոշակի ընդհանուր որոշման կգան, ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի»:

Կարինե Աճեմյանի կարծիքով, «Ելք»-ի այս քայլը որոշակի ուղի անցնելու, կայանալու առումով էլ է շատ կարեւոր:

ՀՀԿ-ական պատգամավորը  նաեւ հավելեց, որ իրենք դեռ քննարկումների փուլում են եւ չեն ընտրել նախագահի իրենց թեկնածուին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ելք» դաշինքը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել նույնանուն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին:

Նշենք որ 2018 թվականին ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, որից հետո Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որտեղ իշխանության թիվ մեկ պաշտոնյան լինելու է երկրի վարչապետը: Նոր նախագահն ընտրվելու է Ազգային ժողովի կողմից եւ ունենալու է սահմանափակ լիազորություններ: