Լիբանանում օրերս տեղի է ունեցել քրիստոնյա եւ իսլամ հոգեւոր առաջնորդների համագումարը, որին մասնակցել է նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-Ին հայտնում են, որ համագումարի նպատակն էր հավաքական կեցվածք ճշտել Երուսաղեմի հարցի շուրջ։

Այս հարցի շուրջ հոգեւոր առաջնորդները հայտնել են իրենց դիրքորոշումները, ապա համատեղ հայտարարություն ընդունել, որով մերժում են ԱՄՆ նախագահի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ։ Նրանք կոչ են ուղղել դատապարտել ԱՄՆ նախագահի կեցվածքը, Երուսաղեմը համարել Պաղեստինի պետության մայրաքաղաք եւ շեշտել միաստվածության երեք կրոնների սրբատեղիները պաշտպանելու կարեւոությունը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս որոշումը ընդվզման մեծ ալիք է առաջացրել թե պաղեստինցի ժողովրդի, թե իսլամ ու քրիստոնյա կրոնական, քաղաքական շրջանակներում, ինչպես նաեւ Միջին Արեւելքի երկրներում։