Կիեւի Հոկտեմբերյան պալատի մոտակայքում բախումներ են սկսվել Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ: Այս մասին հայտնի է դարձել Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջին տեղադրված ուղիղ հեռարձակման տեսագրությունից:

Մի քանի հարյուր մարդ, որոնց թվում  է նաեւ Օդեսայի նախկին նահանգապետը, կիրակի օրը Կիեւի Հոկտեմբերյան պալատի մոտ է հավաքվել քաղաքի կենտրոնում իմպիչմենտի համար կազմակերպված հանրահավաքից հետո: Սաակաշվիլիի խոսքերով՝ այս շենքում գործում է բողոքի ակցիայի կոորդինացման շտաբը:

Ազգային գվարդիայի աշխատակիցները շրջափակել են շենքը եւ արգելափակել մուտքը: Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Արտյոմ Շեւչենկոն հայտարարել է, որ շենքում այժմ երեխաների համար ներկայացում է ընթանում՝ խնդրելով ցուցարարներին սադրանքների չդիմել եւ չգրավել շենքը:

Սաակաշվիլին կոչ է արել իր կողմնակիցներին չենթարկվել սադրանքների եւ չգրավել շենքը. «Եթե ներսում միջոցառում է, ապա մենք այն չենք գրավի: Մարդկանց չենք դիպչում: Շենքը մեծ է, անում ենք մեր գործերը եւ չենք խանգարում նրանց»:

Որոշ ժամանակ անց ցուցարարները սկսել են համոզել իրավապահներին հեռացնել շենքի շրջափակումը, ինչից հետո փորձել են շենք մտնել՝ կոտրելով մի քանի պատուհան: Ի պատասխան, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Տուժածների մասին դեռ տեղեկություն չկա: