«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը հավակնում է վարչապետի պաշտոնին եւ նախկինում արած նրա արտահայտությունները, թե չի հավակնի վարչապետի պաշտոնին, հանրությանը մոլորեցնելու համար են արվել: NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց, որ ամեն  ինչ նախապես պլանավորված է եղել եւ երբեք էլ Սերժ Սարգսյանը չի հրաժարվել երկիրը ղեկավարելու մտքից:

«Ես վստահ եմ, որ ամեն բան նախապես պլանավորված է եղել եւ հանրությանը մոլորեցնելու համար տարատեսակ ինտրիգներ են հյուսվել՝ ցույց տալու, թե Սերժ Սարգսյանը կարող է հեռանալ, բայց պետության շահը պահանջում է, որ նա մնա: Սերժ Սարգսյանի՝ սեփական խոսքերից հետ կանգնելու եւ իր իշխանությունը հավերժացնելու ձգտումը ամբողջությամբ համապատասխանում է հենց այն ավտորիտար տրամաբանությանը, որի մեջ գտնվում են ԵՏՄ երկրները, ի դեմս՝ ավտորիտար առաջնորդներ Լուկաշենկոյի, Նազարբաեւի եւ Պուտինի»,-ասաց Մանե Թանդիլյանը:

«Ելք» խմբակցության պատգամավորը կարծում է, որ ներկայիս նախագահը եւ վարչապետը չեն կարող ապահովել Հայաստանի երկարաժամկետ զարգացումը. «Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Կարեն Կարապետյանը չեն կարող ապահովել Հայաստանի երկարաժամկետ եւ ապահով զարգացումը եւ օր առաջ պետք է հեռանան իշխանության ղեկից»:

Նշենք, որ դեռեւս 2014-ի ապրիլին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին»։