ԱՄՆ զինծառայողները գտել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիին եւ տեղափոխել նրան Սիրիայի ամերիկյան ռազմակայաններից մեկը: Նման հայտարարությամբ, ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, հանդես է եկել թուրքական Yeni Şafak թերթը:

Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Ալ-Բաղդադիին նախ ձերբակալել են Իրաքում, ինչից հետո տեղափոխել են  Ռաս ալ-Այնի ամերիկյան բազա, այնուհետեւ՝ Հասեքա-Ռումեյլանի ամերիկյան ռազմաբազա: «ԻՊ» ղեկավարից բացի, զինվորականները Սիրիա են տեղափոխել  նաեւ ծայրահեղական խմբավորման եւս 7 հրամանատարի: Նշվում է, որ նրանցից մեկը Իրաքի քաղաքացի էր, իսկ մնացած բոլորը ո՛չ Իրաքի, ո՛չ Սիրիայի քաղաքացիներ չեն:

Նշենք, որ նոյեմբերի 14-ին ԱՄՆ-ի ցամաքային զորքերի գնդապետ Ռայան Դիլոնը՝ Inherent Resolve օպերացիայի շտաբի պաշտոնական ներկայացուցիչը,  հայտարարել էր, որ Պենտագոնը դեռ տեղեկություն չունի այն մասին, թե որտեղ է թաքնվում «Իսլամական պետության» պարագլուխը: