Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) ձեւավորել է վեց արաբական երկրների արտաքին գործերի նախարարներից եւ Լիգայի գլխավոր քարտուղարից բաղկացած

նախարարական խումբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշմանը հակազդելու համար: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՊԼ քարտուղարության տարածած հայտարարությունը։

ԱՊԼ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մահմուդ Աֆիֆիի նշել է, որ խումբը «մտադիր է դիվանագիտական եւ տեղեկատվական ոլորտներում  բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի որոշման առավել բացասական հետեւանքները կանխելու համար»: Լիգայի նոր կառույցում ընդգրկվել են  Հորդանանի, Պաղեստինի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Մարոկկոյի ԱԳ նախարարները եւ Արաբական Լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը: Ակնկալվում է, որ ԱՊԼ նախարարական խմբի առաջին հանդիպումը տեղի կունենա  շաբաթվա սկզբին  Հորդանանի մայրաքաղաք Ամանում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու իր որոշման մասին: ԱՄՆ-ի որոշումը դրականորեն ընդունվեց Իսրայելում եւ բացասական արձագանքի արժանացավ աշխարհի բազմաթիվ երկրներում, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի երկրներում եւ Պաղեստինում:

Երուսաղեմի կարգավիճակի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից է: 1967 թ. պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավել են քաղաքի արեւելյան մասը: Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «միակ եւ անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածն իրենց պետության մայրաքաղաք դարձնել: