ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին՝ ահաբեկիչների մասին տեղեկություններ փոխանցելու համար, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում Սանկտ Պետերբուրգում: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ իր շնորհակալությունն է հայտնել Թրամփին ԱՄՆ ԿՀՎ-ի փոխանցած տեղեկատվության համար, որը թույլ է տվել դուրս գալ ահաբեկիչների հետքի վրա, հայտնաբերել ու ձերբակալել ահաբեկիչների խմբին, որոնք պայթյուններ էին նախապատրաստում Սանկտ Պետերբուրգի Կազանի տաճարում, ինչպես նաեւ քաղաքի այլ մարդաշատ վայրերում:

Պուտինը նաեւ վստահեցրել է Թրամփին, որ ռուսական հատուկ ծառայություններն իրենց հերթին պատրաստ են անհրաժեշտության դեպքում՝ «անկասկած եւ անհապաղ» ամերիկացի գործընկերներին գործընկերային ուղիներով տեղեկատվություն փոխանցել, որը վերաբերում է ԱՄՆ-ի նկատմամբ ահաբեկչական սպառնալիքներին, ինչպես դա միշտ նախկինում արել է:

Նշենք, որ դեկտեմբերի 15-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ձերբակալել է «Իսլամական պետություն» խմբավորման 7-հոգանոց խմբին, որը նախատեսում էր քաղաքում ահաբեկչական գործողություններ իրականացնել: