Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետք է ընդլայնվի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում պետական քաղաքականության օրակարգի ձեւավորման եւ հաշվետու կառավարումը ապահովելու գործում» հասարակական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարծում է, որ դա պետք է արվի հանրապետությունում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման միջոցով: «Պետք է նշել, որ մենք մեր գործընկերների հետ մեծ հաջողություններ ենք արձանագրել, եւ դա մեզ համար չափազանց կարեւոր է», - ասել է եվրոպացի պաշտոնյան՝ հավելելով, որ ձեռք բերված հաջողություններով պետք չէ բավարարվել:

Ավելին, ինչպես շեշտեց Սվիտալսկին, պետք է աշխատել համագործակցության միջոցով ավելի շոշափելի հաջողությունների հասնելու համար, եւ, առաջին հերթին, առկա խնդիրների արագ լուծման համար այդ համագործակցությունը պետք է զարգանա Հայաստանի կառավարության հետ միասին: