Վրաստանի նախկին նախագահ, «Նոր ուժերի շարժում» կուսակցության ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին փաստաբանի հետ ներկայացել է Գլխավոր դատախազություն, սակայն հարցաքննության գնալ հրաժարվել է։ Սաակաշվիլիի խոսքով՝ նա մինչ այդ չի ներկայացել հարցաքննության, քանի որ իրեն չեն ներկայացրել օրակարգ, հաղորդում է 112.ua-ն։

«Երրորդ անգամ ես այստեղ եմ եկել, որովհետեւ պատրաստ եմ օրակարգի համաձայն կատարել օրենքի բոլոր պահանջները: Ես չեմ հարգում Ուկրաինայի դատախազներին, ես հարգում եմ Ուկրաինայի օրենքները։ Նախկինում ինձ երբեք պաշտոնական օրակարգ չեն ներկայացրել»,-նշել է նա:

Ապա Սաակաշվիլին ընդհարման է գնացել դատախազի հետ, որը նրան կանչել էր դատախազության շենքի ներսում հարցաքննության անցկացման համար: Լեզվակռվի  ժամանակ Սաակաշվիլին բարձրացրել է  ձայնը դատախազի վրա, որից հետո վերջինս հորդորել է նրան չգոռալ: Հարցաքննությունից հրաժարվելուց հետո Սաակաշվիլին դատախազին ասել է. «Լռե՛ք եւ լսե՛ք իմ փաստաբանին»:

Բացի այդ, քաղաքական գործիչը  հայտարարել է իր գործը Անվտանգության ծառայությանը փոխանցելու անհրաժեշտության մասին: Այնտեղ նա խոստացել է «գնալ եւ վկայություն տալ»:

Հետագայում գատախազությունում Սաակաշվիլիի գործողությունները  որակել են «ճշմարտության հաստատման դժկամություն»: