Հայաստանի կառավարությունը օրենսդրական փոփոխություններ է առաջարկում, որի շնորհիվ վերականգնվող էներգիա արտադրողներին հնարավորություն են ընձեռում ամռանը արտադրած էներգիան ծախսել նաեւ ձմռանը։ Այդ մասին Ազգային ժողովում ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Փոխնախարարը նշել է, թե 2016թ. փոփոխություններով, մինչեւ 150 ԿՎտ հզորությամբ 221 ինքնավար արտադրողների տրվել է տեխնիկական պայմաններ, նրանցից 193-ը միացել են էներգետիկ համակարգին, ստեղծվել է հավելյալ արժեք, նոր աշխատատեղեր։

Եթե նախկինում հնարավոր չէր ամռանն արտադրված էներգիան սպառել նաեւ ձմռանը, ապա նոր փոփոխություններով նման հնարավորություն է տրվելու։

Հարությունյանի խոսքով, քանի որ արձանագրվել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների տեխնոլոգիաների արժեքների զգալի նվազումներ եւ, ըստ միջազգային փորձագետների, առաջիկայում դրանք միջնաժամկետ հեռանկարում կրելու են շարունակական բնույթ, իրենց արտացոլումը կունենան սակագների վրա, առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արեւային կայանների կողմից ավել առաքված էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում ՀԾԿՀ կողմից սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար։

Կառավարությունն ակնկալում է, որ օրենսդրական փոփոխություններով, էներգետիկ համակարգում կստեղծվեն մաքուր, կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արեւային համակարգի կիրառմամբ, որոնք կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների դերը՝ նվազեցնելով ներմուծվող ածխաջրային վառելիքից կախվածությունը, եւ կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը։ «Կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը»,- ասել է Հարությունյանը։