Հայաստանում ՀԷՑ-ից բացի այլ ընկերություններ են լինելու, այլ մատակարարներ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, խորհրդարանում լրագրողներին ասաց Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, հաղորդում է Lragir.am-ը  :

«Շուկայի ազատականացման հարցերը 1-2 րոպեում քննարկվող թեմա չէ, և դրա վերաբերյալ օրենսդրական փաթեթը շուտով կներկայացնենք Ազգային ժողով։ ՀԷՑ-ից բացի այլ ընկերություններ կլինեն, այլ մատակարարներ են լինելու»,- ասաց փոխնախարարը:

Հայկ Հարությունյանը համաձայնվեց, որ Հայաստանը, օբյեկտիվ պայմաններից ելնելով, էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից, բայց դա լավ չէ. «Ցանկացած էներգետիկ կախվածություն վատ է երկրի համար: Մեր նպատակը մաքսիմալ էներգետիկ անկախությանը ձգտելն ու հասնելն է»:

Անդրադառնալով «Տաշիր» ընկերության կողմից ՀԷՑ-ում կատարվելիք ներդրումներին՝ Հայկ Հարությունյանը նշեց, որ ներդրումային ծրագրի նպատակն է, որ ավելի հուսալի և անվտանգ էներգահամակարգ ունենանք: