Եվրամիության բարձրագույն քաղաքական մարմինը՝ Եվրախորհուրդը, երկարաձգել է ռուսական տնտեսության որոշ ոլորտների դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները. դրանք կգործեն առնվազն մինչեւ 2018 թվականի հուլիսի 31-ը, հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը հայտնել են խորհդին Ռուսաստանի կողմից՝ Մինսկի համաձայնագրերի կատարման մասին: ԵՄ-ում եզրակացրել են, որ այս համաձայնագրերը այդպես էլ չեն իրականացվել: Հետեւաբար, որոշվել է երկարաձգել պատժամիջոցները:

Նշենք, որ այս պատժամիջոցները սահմանափակում են պետական մասնակցությամբ ռուսաստանյան բանկերի, դրանց դուստր կառույցների, էներգետիկ եւ պաշտպանական ոլորտի ընկերությունների մուտքը կապիտալի եվրոպական շուկա, նախատեսում են զենքի վաճառքի եւ երկակի օգտագործման ապրանքների՝ Ռուսաստան մատակարարման  արգելք:

Պատժամիջոցները ՌԴ-ի համար սահմանափակում են նաեւ այն տեխնոլոգիաները, որոնք կարող են օգտագործվել նավթի արդյունահանման եւ դրա հետախուզման համար: