Դեռեւս վաղ է վերջնական գնահատականներ տալու համար, բայց ընթացիկ տարում արդյունքներ այնպիսին են, որ աճ կա արդյունաբերության ոլորտում, ծառայությունների եւ առեւտրի ոլորտում, իսկ տնտեսության իրական հատվածի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունն ու գյուղատնտեսությունը, այդտեղ անկում կար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ, մասնագիտությամբ տնտեսագետ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարվա 11 ամիսների ընթացքում արձանագրվել է աննախադեպ՝ 7 տոկոսանոց տնտեսական աճ:

Նրա խոսքով, վերջին ցուցանիշներով, գյուղատնտեսության ոլորտում  4 տոկոսի անկում կա, շինարարության ոլորտում աճ չկա, արդյունաբերության ոլորտի աճն էլ հիմնականում պայմանավորված է  եղել  4 հիմնական ապրանքատեսակների՝ պղնձի, քարերի, խմիչքի եւ սննդի գների աճով.

«Այստեղ խնդիրը միայն աճի ցուցանիշի մեջ չէ, խնդիրը նաեւ որակի մեջ է: Քանի որ 2016 թվականին տնտեսական աճը շատ ցածր էր, բավականին անկումային էր, հետեւաբար, եթե համեմատում ենք 2016-ի հետ, որոշակի վիճակագրական աճ է նկատվում: Ընդ որում, խոսքը միայն արդյունաբերության ոլորտի մասին է»,-ասաց Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ որքան էլ տնտեսական աճի մասին են խոսում, այդ աճը որակական առումով կաղում է. «Հիմնական նպատակը երկրում մարդկանց կենսամակարդակի բարձրացման, գործազրկության, աղքատության կրճատման խնդիրների մեջ է: Ես չեմ նկատել, որ որեւէ մեկն ասի, թե 4000 կամ այլն աշխատատեղ է ստեղծել: Եթե մենք աճ ունենք, ինչի հիման վրա է այդ աճը տեղի ունեցել, կատարված ներդրումները որտեղ են եղել:  Այնպես որ, իմ կարծիքով նման տնտեսական աճի հիմնական պատճառը անցյալ տարվա անկումային բազան է, եթե լիներ 2-3 տոկոսանոց աճ, այս տարի 7 տոկոս աճ չէր լինի, կլիներ ավելի վատ»:

Հարցին, թե երբ հասարակությունն իր վրա կարող է զգալ այդ 7 տոկոս տնտեսական աճի դրական ազդեցությունը, ասենք գործազրկության կամ աղքատության կրճատման առումներով, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Պաշտոնական վիճակագրությունը գործազրկության կրճատման կամ աշխատատեղերի ստեղծման, արտագաղթի նվազեցման մասին ոչինչ չի ասում: Կարեւոր ցուցանիշ կա՝ աշխատանքի արտադրողականությունը, որը ցույց է տալիս, թե առաջանցիկ տեմպեր կա՞ն ավելի ինտենսիվ աճ ունենալու համար, որպեսզի աճի որակը կարողանանք գնահատել: Այդպիսի վերլուծություն մեզ չեն տալիս: Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե որտեղ է այդ աճը, աճի հատվածները, սեգմենտները որտեղ են, կամ որ ասում էին 850 մլն դոլարի ներդրում պետք է լինի, ո՞ր  հատվածներում են եղել: Այսպիսի խնդիրներ կան, որովհետեւ եթե աճ կա, այն պետք է կորելացված լինի, պետք է ազդեցություն ունենա մյուս ցուցանիշների վրա: