Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալված 20 մարդ են ազատ արձակել, հաղորդում է Kommersant.ru-ն` վկայակոչելով Wall Street Journal-ը:

Ազատվածների թվում են նախկին ֆինանսների նախարարը եւ Saudi Aramco պետական նավթային ընկերության ղեկավարության անդամներից մեկը՝ Իբրահիմ Աբդել Ազիզ ալ-Ասսաֆը: Նա մեղադրվում էր Մեքքայում մզկիթի ընդարձակման նախագծի հետ կապված խարդախության համար:

Պարբերականի աղբյուրները պատմել են, որ սաուդյան իշխանությունները կալանքի տակից ազատ են արձակել նաև արքայազն Թուրքի բեն Հալիդին, ֆինանսների նախարարի նախկին օգնականին եւ Telecom ընկերության նախկին ղեկավարին: «Նրանք բոլորը ազատ են արձակվել»,- հաստատել է պարբերականի աղբյուրը: Միեւնույն ժամանակ, աղբյուրները նշել են, որ կալանքի տակ մնացած անձանց գործերով շուտով կոռուպցիայի մեղադրանքով դատական վարույթներ կսկսվեն:

Սաուդյան Արաբիայում նախարարների, արքայազնների և մի շարք նախկին պաշտոնյաների ձերբակալության մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 5-ին: Նրանց դեմ ներկայացված մեղադրանքների թվում էին փողերի լվացումը, իշխանության չարաշահումը, կաշառակերությունը եւ վատնումը:

Կոռուպցիայի դեմ պայքարի քարոզարշավի շրջանակներում իշխանությունները մտադիր են մինչեւ 800 մլրդ դոլար առգրավել:

Սկանդալ թագավորությունում. Սաուդյան Արաբիայում 11 արքայազնի են կալանավորել (ֆոտո)

Սաուդյան արքայազների շքեղ «բանտը»