Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, բաց քվեարկությամբ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սաթիկ Սեյրանյանը: 

Համագումարի ժամանակ Սաթիկ Սեյրանյանի օգտին քվեարկեց միության 57 անդամ, եւս մեկը դեմ քվեարկեց: Ինքնառաջադրվել էր նաեւ երիտասարդ լրագրող Հարություն Ծատրյանը, որն ընդամենը 3 տարի առաջ էր անդամակցել միությանը եւ Միության կանոնադրության համաձայն իրավունք չուներ լինել թեկնածու, սակայն նիստը վարող Նաղաշ Մարտիրոսյանն անտեսեց այդ փաստը եւ քվեարկության դրեց նաեւ նրա թեկնածությունը: Հարություն Ծատրյանը հավաքեց զրո ձայն:

Նշենք, որ համագումարն անցավ բավականին լարված մթնոլորտում: Ներկաներից շատերը պնդում էին, որ համագումարի անցկացումն անօրինական է, իրենք զանգով են իմացել դրա մասին եւ նույնիսկ օրակարգը չունեն:

«Ոչ մեկս պատվիրակ չենք, զանգել, կանչել են, այս ամենն օրենքի շրջանակում չէ: Ինչո՞ւ ենք Գրողների միությունում անում մեր համագումարը, ինչո՞ւ ենք մեր Միության շենքը վարձով տվել»,- հայտարարեց Լավրենտի Միրզոյանը:

Հարություն Ծատրյանը նույնպես նշեց, որ սոցիալական ցանցից է իմացել համագումարի մասին, ապա հետաքրքրվեց, թե ինչու է այդքան քիչ մարդ եկել: Հետաքրքրական է, որ Աստղիկ Գեւորգյանը նույնիսկ Միության անդամների իրական թիվը չգիտեր, հետեւաբար, պարզ չէր, թե անդամների քանի տոկոսն է ներկա այսօրվա համագումարին: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ժուռնալիստների միությունը արդեն 40 տարի (1977 թվականից) ղեկավարում է Աստղիկ Գեւորգյանը: 1997 թվականից ի վեր Միությունը համագումար չէր անցկացրել:

Շուրջ 10-15 րոպե տեւած սուր բանավեճից հետո Նաղաշ Մարտիրոսյանին վերջապես հաջողվեց թեկնածուներ առաջադրելու մասին հայտարարել: Մարտիրոսյանն շտապում նիստն ավարտել 1,5 ժամում, քանի որ այդքան ժամանակով էին վարձակալել դահլիճը. նա մոռացավ առաջադրումից հետո թեկնածուներին ձայն տալ:

«Սաթիկ Սեյրանյանին բոլորն էլ ճանաչում են, ի՞նչ ձեւականությունների հետեւից ենք ընկել, ով Սաթիկ Սեյրանյանին չի ճանաչում, իր խնդիրն է»,- ասաց նա:

Չնայած սրան, Սաթիկ Սեյրանյանն ու Հարություն Ծատրյանը ելույթ ունենալու իրավունք ստացան եւ ծրագրային դրույթները ներկայացրին: Միության նախագահի քվեարկությունից հետո շատերը հեռացան դահլիճից, չնայած որ վարչության կազմն էլ պետք է ընտրվեր: