Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի ներկայացուցիչ Նաբիլ Աբու Ռուդեյնան հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ու միացյալ մայրաքաղաքի մասին Քնեսեթի կողմից կայացված որոշումը հավասարազոր է Պաղեստինի ժողովրդի հանդեպ պատերազմ հայտարարելուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Wafa գործակալությունը։

 Times of Israel պարբերականի տվյալներով՝ Իսրայելի խորհրդարանն ընդունել է Երուսաղեմի մասին Մայր օրենքի փոփոխությունը՝ որպես իսրեյելական մայրաքաղաք քաղաքի անբաժանելիության մասին, ըստ որի Երուսաղեմի որեւէ մասի փոխանցումը Պաղեստինին պահանջում է Քնեսեթի երկու երրորդի, այսինքն 120 պատգամավորներից 80-ի հավանությունը։

«Քվեարկությունը հստակ ցույց է տալիս, որ Իսրայելը պաշտոնապես հայտարարել է այսպես կոչված քաղաքական գործընթացի ավարտի մասին ու արդեն սկսել է կիրառել բռնապետական քաղաքականություն»,- ասել է Աբու Ռուդեյնան ։

Նա նշել է, որ «Թրամփի որոշումը լեգիտիմ չէ, Քնեսեթի որոշումները՝ նույնպես»։ « Ու մենք ոչ մի դեպքում թույլ չենք տա , որ իրականանան այդ ծրագրերը, որոնք վտանգավոր են տարածաշրջանի ու աշխարհի ապագայի համար»,- հայտնել է Աբու Ռուդեյնան։

Նախագահի ներկայացուցիչը հավելել է, որ Իսրայելի կառավարությունը պատասխանատու է ամենօրյա վտանգավոր էսկալացիայի համար ու Երուսաղեմը «քաղաքական հավասարումից» հեռացնելու ցանկացած փորձ չի հանգեցնի որեւէ լուծման կամ կարգավորման։

Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք ու ստորագրել էր փաստաթուղթ Թել Ավիվից ամերիկյան դեսպանատունը այնտեղ տեղափոխելու մասին։