Եթե Հայաստանում ապրանքների գներն անգամ 1000 տոկոսով բարձրանան, հասարակությունը տեղից  չի շարժվելու։ քաղաքականություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը՝ անդրադառնալով այս տարվա հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով վառելիքաէներգետիկ ապրանքների գները բարձրացմանը։

Նրա խոսքով, դա հասարակության լայն խավերի վրա դա բացասաբար կանդրադառնա, նրանց կենսամակարդակը կընկնի. «Նաեւ կթանկանան բոլոր այն ապրանքների գները, որոնք արտադրվում են Հայաստանում եւ որոնց արտադրության մեջ օգտագործվում են վառելիքային ռեսուրսներ։ Այսինքն գների տոտալ բարձրացման հետ ենք գործ ունենալու»։

Այսինքն, ըստ Զոյա Թադեւոսյանի, հասարակությունը կտուժի ոչ միայն բենզինի ու գազի գների բարձրացման հետեւանքով, այլեւ մնացած ապրանքների գները եւս կբարձրանան՝ կապված վառելիքի թանկացման հետ

Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա սոցիալական բողոքի ալիք բարձրացնի Հայաստանում տնտեսագետը պատասխանեց. «Եթե Հայաստանում ապրանքների գներն անգամ 1000 տոկոսով բարձրանան, հասարակությունը տեղից  չի շարժվելու։ Մեր ժողովուրդը բողոքել չի սիրում, տրտնջալ է սիրում փակ դռների հետեւում, սեղանների շուրջ, բայց փողոց դուրս չի գա։ Հայաստանում երբեք սոցիալական բունտ չսպասեք, մեր ժողովուրդը դրան ունակ չէ»։

Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը խոստացել է, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը կհասնի 4 մլն-ի, մինչդեռ այսօր արտագաղթը շարունակվում է, գներն աճում են, աշխատավարձերը չեն ավելանում, աշխատատեղեր չեն ստեղծվում, տնտեսագետն արձագանքեց. «Հասարակ մարդիկ իրավունք ունեն հույսով առաջնորդվել, բայց երկրի ղեկավարը հույսով առաջնորդվելու իրավունք չունի։ Նա պետք է լինի իրավիճակը ճիշտ գնահատող, պրագմատիկ, բոլոր հանգամանքները հաշվի առնող, նոր դրա հիման վրա եզրակացություններ անի։ Բայց եթե նա դեռեւս հույս դնելու վիճակի մեջ է, իհարկե, դա չի կարելի համարել ճիշտ մոտեցում։ Գնահատականն էլ ճիշտ չէ։ Մեր բնակչությունը երբեք չի կարող ավելանալ, եթե տարեցտարի շուրջ 50 հազար մարդ արտագաղթում է։ Միգրացիայի մնացորդը Հայաստանում բացասական է, եւ դրա արդյունքում ավելի արագ տեմպերով կնվազի բնակչությունը, քան թե կավելանա։ Որպեսզի գործող նախագահի ասածը թեկուզ փոքր ինչ ճշմարտություն պարունակեր, պետք է առնվազն դրական միգրացիա ունենայինք։ Թող դա չլիներ 50 հազար, թող լիներ տարեկան 10 հազար, հաջորդ տարի՝ 20 հազար եւ գնալով ավելանար։ Իրականում Սերժ Սարգսյանն այդ միտքը հայտնել է հասարակությանը զբաղեցնելու, սպասումներ առաջացնելու համար, ոչ ավելին»։

Զոյա Թադեւսյանը կարծիք հայտնեց, որ երկրում կայուն վիճակ ւնենալու համար պետք է արտոնյալ պայմաններ ստեղծել փոքր ու միջին ձեռնարկատիրության համար. «Եթե այդպիսի պայմաններ ստեղծվեն, կարող է հույս առաջանալ եւ գուցե մարդիկ չեն արտագաղթի, արտագաղթածներն էլ գուցե վերադառնան եւ ներդրումներ անեն։ Մեծ կապիտալ ներդրումների հույս ընդհանրապես չկա, իսկ փոքրը, քանի որ պակաս ռիսկային է, կարող է ներգրավվել։ Սակայն, չգիտես ինչու, մեր իշխանությունները փոքր ու միջին ձեռնարկատիրությանը մեծ նշանակություն չեն տալիս։ Սա նշանակում է, որ հասարակության զարգացման հիմքերը նրանք անտեսում են»։

Ինչ վերաբերում է նրան, որ 2017 թվականին արձանագրվեց շուրջ 7 տոկոս տնտեսական աճ, Զոյա Թադեւոսյանն ասաց. «Մեր տիպի երկրներում 7 տոկոսանոց տնտեսական աճը, այն էլ մեկ տարի, չի կարող հույս ներշնչել, որ աղքատությունը կնվազի։ Այսօր ամբողջ աշխարհը խոսում է չինական տնտեսական հրաշքի մասին, որը համաշխարհային ճգնաժամից հետո, տարեկան 10 տոկոս տնտեսական աճ է ապահովում։ Որպեսզի երկիրն ունենա զարգացման հնարավորություններ, պայքարի աղքատության դեմ,  բարձրացնի աշխատավարձերն ու կենսամակարդակը, առնվազն 10 տարի պետք է ունենա  9 տոկոսից ոչ պակաս տնտեսական աճ։ Այդ դեպքում հնարավոր կլինի խոսել զարգացման ներուժի ու հնարավորությունների մասին»։

Նշենք, որ 2018 թվականի հունվարի մեկից, ինչպես եւ սպասվում էր, թանկացումների հերթական ալիքն է սկսվել: Թանկացել են բենզինը, սեղմված գազը, նաեւ դիզվառելիքը, որոնք պայմանավորված են Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով, ըստ որի՝ մի շարք ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում է տեղի ունեցել: Մասնավորապես, հունվարի մեկից Regulyar տեսակի բենզինը թանկացել է մոտ 20 դրամով, եւ մեկ լիտրը արժե 430 դրամ: Սեղմված գազի մեկ խմ-ն 190 դրամից դարձել է 220 դրամ, իսկ դիզվառելիքի մեկ լիտրը 390 դրամից դարձել է 440 դրամ:

Հարկային նոր օրենսգրքով հունվարի մեկից 1000 խմ սեղմված բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը 8330 դրամից դարձել է 23 000 դրամ: Բենզինի մեկ տոննայի ակցիզային հարկը 25 000 դրամից սահմանվել է 40 000 դրամ:

Հունվարի մեկից երրորդ երկրներից Հայաստան ներմուծվող այլ ապրանքատեսակների մասով եւս թանկացումներ են սպասվում, քանի որ Հայաստանում ուժի մեջ են մտնում ԵՏՄ մաքսային դրույքաչափերը: Ընդ որում, սպասվում է 800 անուն լայն սպառման ապրանքների թանկացում, բայց աստիճանաբար: